The Message of Imam Khamenei to the Youth in Europe and North America, in Armenian

 

Հանուն բարեգութ և ողորմած Աստծո

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, դիմելով Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ողջ երիտասարդությանը, ասաց. «Ֆրանսիայում և արևմտաեվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցած վերջին դեպքերն ինձ ստիպեցին անտարբեր չմնալ ու խոսել ձեզ հետ: Ես դիմում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, ոչ նրա համար, որ չեմ վստահում ձեր ծնողներին, այլ որովհետև ձեր ժողովրդի և երկրի ապագան տեսնում եմ ձեր ձեռքերում: Ես վստահ եմ, որ դուք տուրք չեք տա քաղաքական սադրանքներին և ճշմարիտ ու արդար դատավորներ կլինեք: Ես չեմ դիմում ձեր քաղաքական գործիչներին ու իշխանավորներին, որովհետև համոզված եմ, որ նրանց համար քաղաքական շահն ավելի բարձր է քան ազնվությունն ու ճշմարտությունը:

Ես ուզում եմ ձեզ հետ խոսել Իսլամի մասին, որպեսզի դուք կարողանաք վերջին համաշխարհային կրոնի վերաբերյալ ճիշտ պատկերացում կազմել:

ԽՍՀՄ փլուզումից հետո պարբերաբար փորձեր են արվել այս մեծ կրոնը մարդկության աչքերում ներկայացնել որպես համամարդկային խաղաղությանը սպառնացող սարսափազդու մի վիշապ: Իսլամի նկատմամբ գոյություն ունեցող վախի ու սարսափի մթնոլորտը, դժբախտաբար, ձևավորվել է արևմուտքի և արևմտյան գերտերությունների կողմից որդեգրված կեղծ քաղաքականության շնորհիվ: Քննադատաբար անդրադառնալով այս խնդրին և վերանայելով ողջ պատմությունը` դուք կտեսնեք, որ աշխարհի որևէ ժողովուրդ ու որևէ մշակույթ անկարող է անտարբեր անցնել արևմտյան պետությունների (մասնավորապես ԱՄՆ-ի) անազնիվ ու հրեշավոր քաղաքականության կողքով: Ուսումնասիրելով Արևմտյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների ողջ պատմությունը` մենք անընդհատ բախվում ենք ստրկատիրության, գաղութատիրության, ռասիզմի, անհանդուրժողականության ու դաժանության հետ: Արևմտյան Եվրոպայի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական պատմությունն ուսումնասիրող հենց արևմտյան առաջատար մասնագետները մշտապես ամաչել են այն արյան համար, որ թափվել է կաթոլիկների ու բողոքականների միջև կրոնական բախումների ընթացքում, և մի՞թե Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմների սկսման պատճառն արևմտյան քաղաքական շահը չէր: Սակայն, երիտասարդներին ուղղված այս քարոզում, իմ նպատակը ոչ թե պատմության մութ էջերի, այլ պատմական ճշմարտության վեր հանումն է: Եվրոպացի՛ երիտասարդներ, ես ուզում եմ, որ դուք մեկ անգամ հարց տաք ձեր մտավորականներին և հարցնեք նրանք, թե ինչու՞ է արևմուտքում մարդկային խղճի զգացումն այդքան ուշ արթնանում:

Դուք պետք է քաջ գիտակցեք, որ այլ մշակույթների ներկայացուցիչներին ճնշելն ու նվաստացնելն անհանդուրժողականության ու բռնության համար մշտապես պարարտ հող են ստեղծել: Այժմ ես ցանկանում եմ, որպեսզի ինքներդ ձեզ հարց տաք, թե ինչու՞ է  արևմուտքը կրկին անգամ  իրեն թիրախ դարձրել իսլամն ու ողջ մուսուլմանական աշխարհը, և ինչու՞ են գաղութատիրական տերություններն ուզում ցածրացնել ու նվաստացնել իսլամական մտածողությունը: Որո՞նք են այն իսլամական արժեքները, որ թույլ չեն տալիս, որպեսզի իրականացվեն գերտերությունների ծրագրերը, և ինչպիսի՞ շահ են իրենց համար ապահովում արևմտյան գերտերությունները` իսլամի վերաբերյալ սխալ պատկերացում ձևավորելով ամբողջ աշխարհում: Ուրեմն, ես ձեզ հորդորում եմ առաջին հերթին լավ խորհել` իսլամի դեմ լայնածավալ բացասական քարոզարշավ սկսելուց առաջ: Երկրորդ հերթին, իսլամի դեմ բացասական քարոզարշավ սկսելուց առաջ, փորձե՛ք այս կրոնը խորությամբ ճանաչել և ճանաչել առանց միջնորդի:

Փորձե՛ք առաջնորդվել ֆորմալ տրամաբանությամբ և հասկանալ այն կրոնի էությունը, որն այսօր ձեզ համար վախի ու սարսափի մթնոլորտ է ստեղծել: Ես չեմ պնդում, որ դուք ուղղակիորեն ընդունեք իմ խոսքերն իսլամի վերաբերյալ, ես ընդամենն ուզում եմ, որ թույլ չտաք, որպեսզի ձեզ հիմարեցնեն և թաղեն կեղծիքի մեջ: Թույլ մի՛ տվեք, որ նրանք իրենց սատանայական ծառայություններն ի կատար ածող ահաբեկիչներին ներկայացնեն որպես «իսլամական վարդապետական սկզբունքները պաշտպանող զինվորներ»: Փորձե՛ք ճանաչել իրական Իսլամը, փորձե՛ք ճանաչել այն առանց միջնորդների: Ճանաչե՛ք Իսլամը Ղուրանի և Մեծ մարգարեի միջոցով: Ես կցանկանայի տեղեկանալ, թե արդյոք ձեզանից որևէ մեկն ընթերցել է Սուրբ Ղուրանը, արդյո՞ք ուսումնասիրել է իսլամի մարգարեի ուսմունքն ու նրա բարոյական և վեհ կերպարը, արդյո՞ք դուք բացի լրատվամիջոցներից որևէ այլ հնարավորություն եք ունեցել ճանաչել այդ կրոնը. չէ որ իսլամը դարերի ընթացքում մշակեց և ձևավորեց աշխարհի ամենաազդեցիկ քաղաքակրթական օջախներից մեկը` դաստիարակելով փայլուն գիտնկաններ, փիլիսոփաներ ու մտավորականներ:

Մուսուլմանական աշխարհն ուզում է, որպեսզի եվրոպացի երիտասարդները ճանաչեն իրական, այլ ոչ թե խեղաթյուրված իսլամը և հետագայում գրագետ քաղաքական ուղի որդեգրեն»:

 

Սեյեդ Ալի  Խամենեի

21.1.2015

فیس بوک Facebook فارسی English
All Rights Reserved by Al-Mustafa International University © Copyright 2014